Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմը պատրաստ է այս տարի ընդունել շուրջ 6 միլիոն զբոսաշրջիկ, որոնց համար 10-ից մինչև 25 տոկոս զեղչեր կգործեն հյուրանոցներում ապրելու համար: Այդ մասին հայտնել է հանրապետության զբոսաշրջության նախարար Ելենա Յուրչենկոն:
Նա հիշեցրել է, որ թերակղզում զբոսաշրջության սեզոնը մեկնարկում է մայիսի 1-ին: Նախարարի խոսքով՝ այժմ կարելի է հեշտությամբ Ղրիմ հասնել ցանկացած տեսակի տրանսպորտով՝ ավտոմոբիլից մինչև ինքնաթիռ:
«Մեզ մոտ Սևծովյան ափի ամենալավ հանքային ջուրն է, բուժացեխերը: Մենք ունենք տեղավորման 825 հանգրվան՝ ցանկացած ճաշակի և դրամապանակի համար: Հանգիստ 20-ից մինչև 120 ամերիկյան դոլարով,- ասել է Յուրչենկոն:-Ղրիմում կան ճարտարապետության և մշակույթի 11,5 հազար հուշարձաններ, այդ թվում՝ 2,5 հազարը՝ ջրի տակ: Սուզվե′ք, դիտե′ք, ուրախացե′ք: Կան վիթխարի քանակությամբ ջրվեժներ, վեց արգելոց, 500 կիլոմետր երկարությամբ առափնյա գոտի»:
«2013 թվականին (Ղրիմում) հանգստացել է 6 միլիոն մարդ, որոնց 65 տոկոսը եղել են Ուկրաինայի բնակիչներ: Բայց մենք համոզված ենք, որ այս տարի Ռուսաստանը մեզ դժվար կացության մեջ չի թողնի, և մենք կգերազանցենք անցյալ տարվա ռեկորդը»,-ասել է զբոսաշրջության նախարարը: