Կառավարությունը թույլ չի տա, որ Ուկրաինայի արևելյան մարզերում իրականացվի Ռուսաստանի Դաշնության զավթողական պլանը՝ Ղրիմի օրինակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ ապրիլի 7-ին ելույթ ունենալով կառավարության նիստում: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Ես ցանկանում եմ դիմել, առաջին հերթին, Ուկրաինայի արևելյան մարզերի բոլոր բնակիչներին: Միանգամայն հասկանալի է, որ տեղի է ունենում հակաուկրաինական, հակադոնեցկյան, հակալուգանսկյան և հակախարկովյան պլանի, իրադրության ապակայունացման պլանի իրագործում: Մենք թույլ չենք տա իրագործել այն պլանը, որ զորքերն անցնեն սահմանը և զավթեն երկրի տարածքը: Եվ վստահ եմ, որ Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի բնակիչները ցանկանում են ապրել միասնական ունիտար երկրում»,-ասել է Յացենյուկը:
Նա ընդգծել է, որ հենց դրա համար է կառավարությունն սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որպեսզի լիազորությունները փոխանցի տեղական մարմիններին, որպեսզի յուրաքանչյուրն իրեն զգա երկրի արժանավոր քաղաքացի, որն իշխանության վրա ազդում է թե Ուկրաինայում, թե իր մարզում:
«Ֆեդերալացման բոլոր կոչերն ուկրաինական պետականությունը ոչնչացնելու փորձ են: Դա չի լինի»,-ասել է վարչապետը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Լուգանսկում Ուկրաինայի Անվտանգության ծառայության մարզային վարչության շենքում գտնվող անհայտ անձինք գրավել են այն սենյակը, որտեղ պահվում էր զենքը: Բացի այդ, անցած գիշեր անհայտ անձինք փակել են տրանսպորտի երթևեկությունը քաղաքի մայրուղային նշանակության ճանապարհին: Լուգանսկի միլիցիայի անձնակազմը բերվել է մարտական պատրաստության վիճակի: «Պետավտոտեսչության աշխատակիցները փակել են Լուգանսկի բոլոր մատույցները»,- նշել են մամուլի ծառայությունում:
Ապրիլի 6-ին դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունեցել Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, դրանց մասնակիցները հավաքվել են ռուսաստանյան եռագույնների ներքո և պահանջում են հանրաքվեներ անցկացնել իրենց տարածաշրջանների կարգավիճակի շուրջը: