Որեւէ երկիր իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ։ Այս մասին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, պատասխանելով ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգավոր Նաիրա Զոհրաբյանի' Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված հարցին, հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսը:
Մուժմիեկսի տարեկան հաշվետվության ժամանակ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կատարել է հետեւյալ հարցադրումը. «Հարգելի հանձնակատար, ես Ձեզ նախապես գրավոր հարց էի ուղղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի առնչությամբ։ Առ այսօր Կարմիր Խաչի ջանքերը որեւէ արդյունք չեն տալիս։ Մինչդեռ, գերության յուրաքանչյուր օրը Ադրբեջանում Հակոբի կյանքին ուղղակի վտանգ է։ Ի՞նչ կարող է անել մեր Վեհաժողովը եւ Դուք՝ որպես մարդո ւ իրավունքների հանձնակատար, որպեսզի Ադրբեջանը հայ զինվորին վերադարձնի հայրենիք, կամ գոնե երրորդ երկիր։ Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ այս մարտի 4-ին Հայաստանին վերադարձված գերի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական անմարդկային կտտանքների։ Սա է Ադրբեջանի ձեռագիրը»:
Ի պատասխան հարցի, Նիլս Մուժինեկսը նշել է. «Անչափ կարեւոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Կարմիր խաչի հետ համագործակցությունը։ ԵԽ անդամ երկրները ենթակա են իրենց իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներին, Ժնեւյան կոնվենցիային, եւ պարտավոր են հարգել դրանք։ Եւ, իհարկե, որեւէ մեկը իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ։ Ես վերջերս Ադրբեջանում էի, իհարկե, կոնկրետ այդ հարցը մենք չենք քննարկել, սակայն խոսել ենք մարդու իրավունքների հարգման մասին եւ կ րկնում եմ՝ որեւէ երկիր իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ։ Դա անընդունելի եւ դատապարտելի է»։