Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով քայլերթ տեղի կունենա ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոքա Ռաթոն քաղաքում' 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:
«Քայլերթ ընդդեմ ցեղասպանության» արշավի մասնակցիները նաև իրենց աջակցությունը կհայտնեն ի պաշտպանություն Ֆլորիդայի հանրային դպրոցներում ցեղասպանության մասին ուսուցման համապարփակ ծրագրի ընդգրկման: Երկու մղոն երկարությամբ քայլերթը տեղի կունենա ապրիլի 12-ին:
Վերջին շաբաթներին հայերն ականատեսները դարձան պատմության կրկնության, երբ օտար իսլամիստ ծայրահեղականները հարձակվեցին հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա, որի հետևանքով բռնի տեղահանության ենթարկվեցին հազարավոր հայ խաղաղ բնակիչներ:
«Ամերիկահայ համայնքը սովորաբար Հայոց ցեղասպանությունը ոգեկոչում է համայնքի սահմաններում: Սակայն մեկ տարի հետո լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրերդ տարին, և այդ կապակցությամբ աշխուժացում է նկատվում աշխարհի բոլոր հայկական համայնքներում: Այս քայլարշավի նման ակնառու իրադարձություններ ծրագրելով' մենք բացում ենք դռները բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ մեր, մեր մշակույթի, և ցեղասպանության մասին, որը մեզանից խլեց մեր նախնիներին: Ինչպես նշվում է ասացվածքում. «Չարի հաղթանակի համար պետք է միայն, որ բարի մարդիկ ոչինչ չանեն»: Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք դատապարտելու ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև Հոլոքոստը, ասորիների, հույների, ուկրաինացիների, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները»,- նշել է արշավը կազմակերպած Հայոց ցեղասպանության ոգեկոչման կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Արսինե Գալստյան-Ռոզնեթալը:
Միջոցառմանը ելույթ կունենա Ֆլորիդա նահանգի ներկայացուցիչների պալատի թեկնածու Դեյվիդ Սիլվերսը, կլինեն երաժշտական համարներ հայտնի երաժիշտներ Ջոի Զեյթունյանի և Միրիամ Էլինի կատարմամբ: