«Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ» ձևաչափով բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկա շաբաթվա ընթացքում: Այդ մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության գերատեսչության տնօրեն Եվգենի Պերեբեյնոսը:
«Մենք այն կարծիքին ենք, որ խոսքը պետք է վերաբերի Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների բանակցություններին»,-ասել է նա եւ հավելել, որ այդ բանակցությունների անցկացման հնարավորությունը համաձայնեցվում է: «Առայժմ հնարավոր չէ խոսել կոնկրետ ամսաթվերի մասին: Խոսքն առաջիկա շաբաթվա մասին է»,-նշել է ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Մայա Կոսյանչիչը՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղարը, հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի հետ ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ քառակողմ հանդիպում անցկացնելու վրա:
«Այդ հանդիպման օրակարգն այժմ համաձայնեցվում է»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ, Էշթոնի մամուլի քարտուղարը չի կարողացել նշել այդ բանակցությունների անցկացման հնարավոր ամսաթիվը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի իրադրության կարգավորման բազմակողմ ձևաչափը քննարկել Եվրոպայի երկրների, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ուկրաինական կողմի մասնակցությամբ: «Մենք, իսկապես, պատրաստ ենք քննարկել բազմակողմ ձեւաչափը, որում ներկայացված կլինեն եվրոպացիները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ուկրաինական կողմը»,-ասել է նախարարը:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ուկրաինայի հետ բանակցությունների ձևաչափը, ինչպես նաև ժամկետներն ու օրակարգը, որոշված չեն, հայտնել է նախարարը: «Մենք Ջոն Քերիի հետ որևէ կոնկրետ ամսաթիվ չենք քննարկել, քանի որ, ըստ մեր պայմանավորվածության, անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչպիսին է լինելու ձեւաչափը»,-ասել է նա:
Ուկրաինայի հարավը եւ արեւելքը պետք է ներկայացված լինեն միջազգային բանակցություններում, հավելել է ՌԴ-ի ԱԳ նախարարը: