Թուրքիայի Քոզլուք գավառում զինվորական ծառայությունն իրականացնելու ժամանակ սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գործով ռազմական վերաքննիչ դատարանի կայացրած նոր որոշումը զայրացրել է նրա մորը' Անի Բալըքչըին: Նոր որոշման համաձայն, դատարանը Սևակի սպանությունը մտադրված չի համարել: «Ռադիկալ»-ին տված մեկնաբանության մեջ Սևակի մայրն ասել է. «Սա դժբախտ դեպք չէր, ահաբեկելու փորձ էր: Որդիս սպանվել է ապրիլի 24-ին: Մենք նման մեկնաբանությունը չենք ընդունում: Ես դատարանում ասացի. «Մեզ մի ստիպեք այլ երկրի անհրաժեշտությունն զգալ»: Սակայն ամեն դեպքում ստիպելու են: Անձնապես ամաչում եմ»:
Ապրիլի 8-ին Թուրքիայի ռազմական դատարանի կայացրած որոշման համաձայն, Սևակ Բալըքչըին մտադրված սպանելու վերաբերյալ համապատասխան և համոզիչ փաստեր չեն հայտանբերվել:
Դատարանը Սևակ Բալըքչըի գործով 2013 թվականի մարտի 26-ին որոշում էր կայացրել, համաձայն որի նրա վրա կրակած Քըվանչ Աղաօղլուն «մտադրված մարդ սպանելու» մեղադրանքով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման, իսկ ենթասպա Սեդրեթթին Էրսոզը «պաշտոնը չարաշահելու» հիմնավորմամբ դատապարտվել էր 5 ամիս ազատազրկման: Որոշման հրապարակումից հետո պատասխանող կողմի իրավաբաններ ը դիմել էին վերաքննիչ դատարան' վիճարկելով կայացրած որոշումը:Սևակ Շահին Բալըքչըն թուրքական բանակում սպանվել է 2011 թ. ապրիլի 24-ին, երբ նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Զորամասի հրամանատարությունը սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն տեղի է ունեցել «ծառայակից ընկերոջ հետ կատակելու ժամանակ' պատահաբար արձակված գնդակից»: Սևակի ծնողները պնդում են, որ նրան սպանել են հայ լինելու համար: