«Քուրդիստանի ժողովրդական կոնգրես» կազմակերպությունը խստորեն դատապարտում է ահաբեկչական հարձակումները Քեսաբի հայ համայնքի դեմ և իր լիակատար աջակցությունը հայտնում հայ ժողովրդին: Ինչպես հաղորդում է պարբերականը, այս մասին նշվում է կոնգերսի ապրիլի 7-ին տարածած հայտարարության մեջ:

 

«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի Քեսաբի շրջանի հայ խաղաղ քաղաքացիների դեմ կատարված ահաբեկչական հարձակումների կապակցությամբ: Մենք միշտ կիսել ենք նրանց տառապանքը, ցավը և զգայուն իրավիճակը, որում նրանք գտնվում են: Մենք մեր լիակատար նվիրվածությունն ենք հայտնում հայ ժողովրդին և թիրախում հայտնված բոլոր համայնքներին, այդ թովում' ալավիներին»,- ասվում է հայտարարությունում:

 

Կազմակերպությունն ընդգծել է, որ մինչև այս միջադեպը տարածաշրջանի ժողովուրդների միջև որևէ բռնություն տեղի չի ունեցել. «Վերջրես տեղի ունեցած հարձակումները իրականացրել են օտար ահաբեկիչական տարրերը, ովքեր անհրաժեշտ նյութատեխնիկական և բարոյական աջակցություն են ստացել թուրքական իշխանություններից»:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ալ Քաիդային» հարող «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Քաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։