ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը մարտի 27-ին հանդես են եկել Սիրիայի հայաշատ Քեսաբի վրա Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորմանն առընթեր ծայրահեղական իսլամիստների հարձակումները դատապարտող հայտարարությամբ:
«Հարձակումները, որոնք, ըստ հաղորդված տեղեկատվության, սկսվել են Թուրքիայում, ցույց են տալիս, թե ինչ մակարդակի է հասել անկայուն իրավիճակը Սիրիայում: Ես կապվել եմ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ, ով քեր վստահեցրին, որ խորհրդակցում են հայ, սիրիացի և թուրք պաշտոնյաների հետ' վերջին իրադարձությունների մանրամասները պարզելու և նման բռնարարքների կրկնությունը կանխելու համար»,-ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը' հավելելով, որ տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվու մ Սիրիայի քրիստոնյաներին մարդասիրական օգնություն ապահովելու նպատակով:
«Ինձ խորապես մտահոգում է Սիրիայի Քեսաբ ավանում ստեղծված զարհուրելի իրավիճակը: Ծայրահեղական ուժերը հատել են Թուրքիայի սահմանը և անցել Քեսաբ. տարածաշրջան, որ գլխավորապես բնակեցված է հայերով: Հարյուրավոր ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները' վախենալով իրենց անվտանգության համար: Լուրեր են ստացվել, որ Քեսաբ մտած ուժերն ապականում են եկեղեցիները, թալանում հայերի տները: Ես կապվել եմ Պետդեպարտամենտի հետ և կոչ արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները' օգնելու սիրիայի հայությանը: Թուրքիան պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի օգնելո ւ կանխել ծայրահեղականնների հարձակումները հայ քաղաքացիների վրա»,- նշել է Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկ ի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով:
Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։