Ինչպես հայտնում է Российская газета-ն, «Գազպրոմը» կդադարեցնի Ուկրաինա գազի մատակարարումը, եթե ամբողջությամբ կամ մասնակիորեն խախտվեն վճարման պայմանները: Այս մասին գրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպացի առաջնորդներին ուղղված իր նամակում:

 

«Վերջին ամիսներին Ուկրաինայի տնտեսությունն արագ վատթարացման է գնում: Արդյունաբերական և շինարարարական ոլորտներում հետընթացը նկատելի է: Աճում է բյուջեի դեֆիցիտը: Կտրուկ վատթարանում է արժութային համակարգի վիճակը, ինչին գումարվում է երկրի կապիտալի արտահոսքը: Ուկրաինայի տնտեսությունը մոտենում է դեֆոլտի, դադարեցվել է արտադրությունը և գործազրկության պայթյունավտանգ աճ կա: Սակայն Ռուսաստանը այլևս չպետք է ու չի կարող միայնակ տանել Ուկրաինայի տնտեսության աջակցության բեռը' նրան զեղչեր տրամադրելով ու պարտքերը ներելով, փաստացիորեն վճարելով իր սուբսիդիաներով Ուկրաինայի ու ԵՄ անդամ երկրների առևտրի դեֆիցիտը»,- նամակում ընդգծել է ՌԴ նախագահը:

 

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ առաջարկներն ուղված են ստեղծված իրավիճակի շուրջ արտակարգ միջոցներ ձեռնարկելու համար, քանի որ իրավիճակը հրատապ լուծման անհրաժեշտություն ունի:

 

«Ուկրաինայի տնտեսության ճգնաժամը, որը մեծամասամբ պատճառվել է ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերությունների ոչ հավասարակշռվածությամբ, բացասաբար է ազդում Ուկրաինայի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման վրա»,-ասվում է նամակում:

 

Հիշեցնենք, որ գազի գնի հաշվին Ուկրաինային ՌԴ հատկացրած օգնությունը վերջին 4 տարում գնահատվում է 35.4 միլիարդ դոլար: