ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասնակիցները ապրիլի լույս 14-ի գիշերը որեւիցե փոխընդունելի որոշման չեն հասել Ուկրաինայի իրադրության շուրջ: Նիստը հրավիրվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ: Քննարկման արդյունքում որեւիցե փաստաթուղթ չի ընդունվել:
Ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նիստում հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կանխելու հնարավորությունը կախված է Արեւմուտքից: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում «ստեղծվել է շատ վտանգավոր իրադրություն, որի հետագա էսկալացումը պետք է անհապաղ կանխվի»: «Մայդանականների արեւմտյան հովանավորները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, պարտավոր են սանձահարել հսկողությունից դուրս եկած հովանավորյալներին, ստիպեն նրանց սահմանազատվելու նեոնացիստներից եւ մյուս ծայրահեղականներից, դադարեցնել զինված ուժերի կիրառումը ուկրաինական ժողովրդի դեմ եւ անհապաղ իսկական ազգային երկխոսություն սկսել բոլոր տարածաշրջանների իրավահավասար մասնակցությամբ՝ շուտափույթ արմատական սահմանադրական բարեփոխում իրականացնելու նպատակով»,- ասել է Չուրկինը:
Նա կոչ է արե՝լ դադարել Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադարձություններում «Մոսկվայի ձեռքը» փնտրելուց: Եթե Ուկրաինայի իրադրությունն ընթանա վատագույն սցենարով, դրա պատասխանատվությունը «99 տոկոսով» ընկած կլինի արեւմտյան երկրների խղճի վրա, հայտարարել է դիվանագետը:
ՌԴ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ ապրիլի 17-ին Ժնեւում հանդիպում անցկացնելու հնարավորությունը հարցականի տակ կդրվի, եթե Կիեւի իշխանությունները մարտական գործողություններ սկսեն երկրի հարավ-արեւելքում: «Կուզենայինք հուսալ, որ ոչ դյուրին բանավեճի արդյունքում, որը կայացավ Անվտանգության խորհրդում, մեր արեւմտյան գործընկերները կմտածեն այն բանի մասին, թե որքան մեծ է իրենց պատասխանատվությունը տեղի ունեցող իրադարձությունների համար»,- ասել է Վիտալի Չուրկինը:
Մինչդեռ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունները ղեկավարվել են Ռուսասատանի կողմից: Ընդսմին, նրա վարկածով, «ռուսական ԶԼՄ-ները հերյուրանքներ են տարածում» Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ: Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններում բողոքները «ռազմական գործողության» բնույթ են կրում, ասել է Փաուերը:
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արեւելքում , «ցույցեր չեն»: Փաուերի խոսքով՝ «դրանց մասնակցում են պրոֆեսիոնալ ուժեր, դա ռազմական գործողություն է»: «Իրադրությունը ԱՄՆ-ն չի սրել: Դա արել է Ռուսաստանը»,- հավելել է նա:
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտարարել է արբանյակային նկարահանումների մասին, որոնք վկայում են Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի շուրջ 40 հազար զինվորականների առկայության մասին: «Մոսկվան պետք է դատապարտի Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- նրա խոսքը մեջբերել է Russia Today-ը:
Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, թե Պեկինը հուսով է, որ կողմերը կխուսափեն իրադրության վատացումից: «Հարկավոր է խնդիրը քննել հավասարակշռված: Հարկավոր է հարցը կարգավորել իրավակարգի շրջանակներում: Չինաստանը կաջակցի կողմերին հակամարտության լուծմանն ուղղված կառուցողական ջանքերն իրականացնելու հարցում»,- նշել է նա:
Իր հերթին Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեեւը հայտարարել է, որ հանրապետության կառավարությունը «ամեն ինչ կանի առճակատումից խուսափելու համար»: Նա նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ընդլայնել տեղական իշխանությունների լիազորությունները, ինչը պահանջում են բողոքի ակցիաների մասնակիցները: Սերգեեւն ասել է, որ Ուկրաինան երկրի տարածքում Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործողությունների ապացույցներ ունի:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը «որոշում է ընդունել լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն սկսել հանրապետության զինված ուժերի ներգրավմամբ»: Այդ մասին ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հայտարարության մեջ, որը զետեղված է Գերագույն ռադայի պաշտոնական կայքում:
Ապրիլի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի իրադարձություններին մասնակցելու մեջ: Գերատեսչությունում հայտարարել են, որ «դրա վկայություններն ու ապացույցները միջազգային հանրակցությանը կներկայացվեն ապրիլի 17-ին Ժնեւում կայանալիք հանդիպմանը»:
Մինչ այդ Ուկրաինայի նախագահի պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում կայացած արտակարգ մամուլի ասուլիսում կոչ է արել շտապ հանրաքվե անցկացնել երկրի ճակատագրի շուրջ: Նրա խոսքով՝ Ուկրաինան «մեկ ոտքով մտել է քաղաքացիական պատերազմի մեջ», ընդ որում հակամարտության բորբոքմանը մեղսակից է ԱՄՆ-ը:
Յանուկովիչն ընդգծել է, որ Ուկրաինան ընթանում է դեպի սնանկացում, իսկ երկրի ժողովուրդը երբեք չի ընդունի ազգայնամոլների թելադրանքը:
Նա երկրի նոր իշխանություններին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ եւ կոչ Է արել զինվորականներին չկատարել «հանցավոր հրամանները», չկրակել ուկրաինական ժողովրդի վրա: «Դա մարդիկ երբեք ձեզ չեն ների»,- հավելել է նա՝ հորդորելով ուկրաինացիներին «պահպանել Ուկրաինայի միասնությունը. պաշտպանել իրենց երկիրը»: