Հանդուգն կողոպուտ է կատարվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում. չարագործները գիշերը ներթափանցել են Բրայերսի դաստակերտ-թանգարան, որը գտնվում Է Մելբուռնից մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա, եւ ավելի քան տասը ցուցանմուշ գողացել Նապոլեոն I Բոնապարտի (1769 – 1821) անձնական իրերի հավաքածուից: Հափշտակված իրերի թվում են արծաթյա թանաքամանը, ծխախոտատուփը, Նապոլեոնի խոպոպով մեդալիոնը, ինչպես նաեւ այն ժապավենը, որի վրա նա հուշագիր է թողել:
Ոստիկանությունը թանգարան է հասել այն բանից 10 րոպե անց, երբ գործել Է հսկիչ ազդասարքը, բայց չարագործներն այդ ընթացքում հասցրել Էին փախչել:
Բրայերսի դաստակերտը կառուցվել Է XIX դարի կեսերին Ալեքսանդր Բրիստոն Բալկոմբի (1811 – 1877) համար, որը ծնվել Է Սուրբ Հեղինե կղզում, որտեղ Նապոլեոնն անցկացրել Է իր կյանքի վերջին վեց տարիները (1815 – 1821):
Գտնվելով աքսորում՝ Նապոլեոնը մտերմացել Էր Բալկոմբների ընտանիքի հետ եւ սիրում Էր այդ ընտանիքի երեխաների համար անել ոչ մեծ նվերներ: 1824 թվականին Բալկոմբները տեղափոխվել են Ավստրալիա: Նապոլեոնի անձնական իրերի հավաքածուն հավաքել Է Ալեքսանդր Բալկոմբի թոռնուհին՝ Մեյբել Բալկոմբ Բրուքսը, որը 1960-ական թվականների սկզբին գրել Է «Սուրբ Հեղինեի պատմությունը» գիրքը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: