Թուրքիայի արդարադատության համակարգը կմաքրվի Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

 

«Ինչպես պետության «միջանցքները» մաքրեցինք ու հիմա մաքրում ենք այդ խմբավորումներից, այնպես էլ արդարադատության «միջանցքները» կմաքրենք այդ խմբավորումից, այդ ցանցից»,- հայտարարել է Էրդողանը: Միաժամանակ վարչապետը նշել է, որ այդ գործընթացն այնքան էլ դյուրին չի ընթանա, քանի որ իրենք «35 տարվա մաքրություն են անելու»:

 

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչև վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: