Ինչպես հայտնում է itar-tass-ը, անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքի զորամասերից մեկում, որի արդյունքում մահացել է 3, վիրավորվել 12, ձերբակալվել 63 մարդ: Այդ մասին ասվում է Մարիուպոլ քաղաքի կայքում:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Կայքը հայտնում է՝ վկայակոչելով վկաներին, որ տեղական ժամանակով 20:00-ի սահմաններում, Ուկրաինայի ներքին զորքերի զորամաս են ժամանել մի շարք միկրոավտոբուսներ:
Անհայտ անձինք եղել են մոխրագույն համազգեստով և սկսել են զորամասի ուղղությամբ նետել պլաստմասե իրեր և վառվող անվադողեր: Ի պատասխան հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում իրադրությունը լարվել է:
Միջադեպից հետո Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցները խիստ վերահսկողություն են սահմանել Մարիուպոլում: Այս պահի դրությամբ կատարվում է հետաքննություն' միջադեպի մանրամասները պարզելու համար: