Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչները Սիրիայի հայերի աջակցության նպատակով ապրիլի 16-ին բողոքի ցույց են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ:

 

Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթի լրագրող Արմինե Էլիազյանը տեղեկացրել է, որ պաստառներով ու տարբեր կոչերով հանդես եկող ցուցարարների շարքում էին նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Նշան արքեպիսկոպոս Գարաքեհեյանը, Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գևիկ Մկրտչյանը, թեմի օրենսդիր և գործադիր մարմինների, ազգային իշխանությունների ու միությունների ներկայացուցիչներ:

 

Հանրահավաքի մեկնարկը տրվել է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնով, ապա իրավաբան Թալին Բանդարին պարսկերենով ընթերցել է Քեսաբի հարձակման և դրան հաջորդող զարգացումների մասին պատմող հակիրճ հաղորդագրություն' կոչ հղելով դատապարտելու իրողությունը: «Թուրքիան սրանից 99 տարիներ առաջ նույն անմարդկային ոճրագործությունը իրագործեց, երբ ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանդի պատճառ եղավ: Եվ տակավին շարունակում է իր ցեղասպան կեցվածքը ցեղասպանության ուրացումով:Բայց թող ինքը և իր ժառանգորդները ու աշխարհի անարդար մարդիկ իմանան, որ հայ ժողովուրդը չէր ծնվել մեռնելու համար, այլ ծնվել էր ապրելու համար, և այսօր 99 տարի հետո էլ Դեր Զորի անապատից ծնունդ առած մեր ժողովուրդը մեկ մարդու պես շարունակում է իր պայքարը»,- իր ելույթում նշել է Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Նա ընդգծել է, որ իրենց իրականացրած հավաքով իրենք կոչ են անում ՄԱԿ-ին հետամուտ լինել արդարությանը և չդառնալ ԱՄՆ-ի ու Եվրոպայի խամաճիկը: «Մեր ակնկալիքն է, որ միջազգային ընտանիքը սթափվի և տեսնի պատմական ճշմարտությունները, և ըստ այնմ կողմնորոշվի, որովհետև ժողովուրդների պատմությունը չի լինի կեղծիքի վրա հիմնել»,- ընդգ ծել է նա:

 

Հանրահավաքի ժամանակ ելույթով է հանդես եկել նաև Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, ով հայտարարել է, որ այս հավաքով իրենք զորակցություն են հայտնում սիրահայ համայնքին և դրանով իսկ հավաստում, որ հայ ազգի որևէ հատվածին վտանգ սպառնալու դեպքում համայն հայությունը որպես մեկ ազգ, մեկ կենդանի օրգանիզմ այս հարցում, լինում է պահանջատեր և միմյանց զորակցող: Հավաքի վերջում ՄԱԿ-ի ներկայացուցչությանն է փոխանցվել ցուցարարների անունից կազմված վերջնագիրը: