«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի քրոջ որդին' Կարեն Վարդանյանը Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր մորեղբայրը պատրաստվում է մայիսի 1-ից հացադուլ հայտարարել:
Կարեն Վարդանյանի խոսքով' Արմեն Տեր- Սահակյանի պահանջն է' կազմակերպել հանդիպում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի հետ:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել: Ըստ դատավճռի' առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու և այլ հանցագործությունների կատարման նպատակով 1992թ. ամռանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, հովանավորությամբ և աջակցությամբ, Արմեն Տեր-Սահակյանը կազմակերպել և ղեկավարել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որը գործել է մինչև բանդայի անդամների ձերբակալումը՝ 1998թ.։
Ըստ Կարեն Վարդանյանի' Արմեն Տեր-Սահակյանը պատրաստվում է մոտ օրերս հայ ժողովրդին ներկայացնել, թե ով է իրականում Լևոն-Տեր Պետրոսյանը: