«Աերոֆլոտը» Twitter-ում հրապարակել Է Ուկրաինայի պետական ավիածառայության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Գրեչկոյի հեռագիրը, որտեղ թվարկված են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կանոնները:

 

Մասնավորապես, մուտքը երկիր կթույլատրվի ՌԴ-ի այն քաղաքացիներին, ովքեր ունեն ազգակցական կապերը կամ մերձավոր հարազատների ծանր հիվանդությունը/մահը հաստատող փաստաթղթեր: Երկիր մուտքի համար հիմք կդառնա նաեւ Ուկրաինայի իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից հրավերը: Ուկրաինայում աշխատող ՌԴ-ի քաղաքացիներին նույնպես հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում կթույլատրվի մտնել երկիր:

 

Բացի այդ, մուտքը երկիր թույլատրված Է այն ռուսաստանցիներին, ովքեր ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն ունեն Ուկրաինայում: Տարանցիկ ուղեւորների, ինչպես նաեւ Ուկրաինայում երեխաների հետ ճամփորդողների համար մուտքի սահմանափակումներ չեն լինի:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, սահմանափակումները չեն վերաբերի նաեւ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների վարորդներին, օդային եւ ծովային նավերի անձնակազմերին: Մուտքը երկիր կթույլատրվի այն ռուսաստանցիներին, ովքեր Ուկրաինա են ժամանել երկրի պետական կազմակերպությունների հրավերով, ինչպես նաեւ նրանց, ովքեր ժամանել են միջազգային համաժողովներին մասնակցելու համար:

 

Ավելի վաղ «Աերոֆլոտին» մոտ կանգնած մի աղբյուր ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ընկերության 10 ուղեւորների ապրիլի 18-ի առավոտյան թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա, բայց հաջորդ չվերթներում ՌԴ-ի քաղաքացիներին ընդունել են առանց սահմանափակումների: «Երեկ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը ՌԴ Է վերադարձրել 33 մարդու, այսօր առավոտյան՝ եւս 10 հոգու, բայց հաջորդ չվերթներում ՌԴ-ի աղաքացիներին ընդունել են առանց սահմանափակումների»,- ասել Է նա՝ ճշտելով, որ խոսքը վերաբերում Է դեպի Օդեսա, Խարկով եւ Կիեւ չվերթներին:

 

«Ոչ պաշտոնական զրույցի ընթացքում Ուկրաինայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն «Աերոֆլոտին» հայտարարել են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա ՌԴ-ի քաղաքացիների մոտքի սահմանափակման կանոնները չեն կիրառվի»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:

 

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն ապրիլի 17-ին հայտարարել Է, որ ՌԴ-ի արական սեռի 16-ից 60 տարեկան քաղաքացիներին արգելված Է մուտքն Ուկրաինա տրանսպորտի բոլոր տեսակներով: Ապրիլի 17-ին ավելի վաղ «Աերոֆլոտը» հաղորդել Էր, որ համապատասխան պաշտոնական ծանուցում Է ստացել Ուկրաինայի իշխանություններից:

 

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Մոսկվան Կիեւից պաշտոնական պարզաբանումներ Է պահանջել ռուսաստանցների համար մուտքի նոր սահմանափակումների կապակցությամբ եւ չի բացառում պատասխան միջոցների կիրառումը: