Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց նոր օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեր երկրում առաջին անգամ ներդրնել այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարեց դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես գործարար աշխարհի ներկայացուցիչներին, այնպես էլ հանրությանը: «Բիզնես միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է»,- ասաց վարչապետը:
ՀՀ պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ այլընտրանքային հարկային ստուգումը կամավորության սկզբունքով հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումն է՝ բոլոր այն դեպքերում, երբ ստուգումների տարեկան ծրագրում չներառված հարկ վճարողը կամավոր ցանկություն է հայտնում իր մոտ իրականացնել հարկային ստուգումներ ևայդ կերպ պարզել պետության նկատմամբ իր պարտավորությունների իրական չափը: Միաժամանակ, ըստ նրա, այլընտրաքային հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինը չի կարող կիրառել հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքները, այլ առաջադրելու է հարկի գումարը և դրանք սահմանված ժամկետում չվճարված տույժերի գումարները: «Այս մեխանիզմը համանման է հարկ վճարողի կողմից ինքնուրույն սխալները հայտնաբերելուն և ճշտված հաշվարկներ ներկայացնելուն»,- ասաց Խաչատրյանը: Ըստ նրա՝ այս դեպքերում չեն կիրառվի հարկերից չարամտորեն խուսափելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: Ըստ ՊԵԿ նախագահի՝ նախագծի նպատակն է բարելավել ներդրումային միջավայրը, որը հնարավորություն է ստեղծելու պոտենցիալ ներդրողներին զերծ պահել ներդրումների ց հետո ի հայտ եկող հնարավոր հարկային ռիսկերից: