Հալեպն ապրիլի 27-ի առավոտյան ցնցվել է մի քանի ուժգին պայթյուններից: Պայթյունները որոտացել են Հին Հալեպի շրջաններում, Ալաքաբե, Սաբաա Բահրաթ թաղամասերում: Այս մասին տեղեկացնում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը: Սաբաա Բահրաթ թաղամասում պայթյունից հիմնահատակ ավերվել է արդյունաբերական շենքը: Երկրաշարժի ուժգնությամ բ պայթյունը ցնցել է նույնիսկ հայաշատ թաղամասերը: Բացի այդ ամբողջությամբ ավերվել է էլեկտրականության փոխարկիչ մի կենտրոն:
Պայթյուններին հաջորդել են զինված բախումները սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Ժամեր տևած բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել: Սիրիական բանակը ծանր գործողություններ է ծավալել զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ինչպես նաև փորձում է կասեցնել նրանց ներթափանցումը կառավարամետ շրջաններ:
Մյուս կողմից' զինված խմբավորումները շարունակել են տասնյակ հրթիռներ և ռումբեր արձակել Հալեպի Ժդիյդե, Բութան Գըլափ, Բարոն Պանդոկի, Ալ Մունշիե, Բաբ ալ Ֆարաջ և այլ շրջանների ուղղությամբ: Ռմբակոծությունների և կրակոցների հետևանքով զոհվել են մոտ 24 քաղաքացի և ավելի քան 52 հոգի վիրավորվել են: Բարեբախտաբար, այժմ հայաշատ թաղամասերը ռազմական գործողությունների դաշտում չեն գտնվում:
Պատերազմական ծանր իրավիճակի պատճառով Հալեպն արդեն տասն օրից ավելի հոսանքազրկված է:
ՄԱԿ-ի տվյալներով , Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: