Ֆրանսիայի մի քանի տասնյակ քաղաքներում ապրիլի 26-27-ին շարունակվել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ապրիլի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը Մեդոնի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվե Մարսելի հրավերով ներկա է գտնվել քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվող հարգանքի տուրքի արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ:

 

Նույն օրը Պլեսիս-Ռոբինսոն քաղաքի Ազատության պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Միջոցառման ընթացքում կատարվել է Երևանի Արաբկիր համայնքի կողմից Պլեսիս-Ռոբինսոնին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկի կողմից, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի Արաբկիր համայնքի ներկայացուցիչներ և հարյուրավոր հյուրեր:

 

Ապրիլի 27-ին Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Անդրե Սանտինիի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և Հայ առաքելական եկեղեցու ֆրանսահայ թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի գլխավորությամբ քայլերթ են կատարել Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույց ներում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

 

Ապրիլի 26-27-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Ռենսի, Անիեր-Սյուր-Սեն, Առնուվիլ, Սեվրան, Շավիյ, Վիեն, Շաս-սյուր-Ռոն, Առլ, Ավինյոն, Կաբրիես, Լե Պենն Միրաբո, Լ՛Իլ սյուր լա Սորգ, Մոնպելիեր, Բեզեկ-կապ-Սիզյուն, Գապ քաղաքներում: