armsport.amՄադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր սաներին կոչ է արել առավելագույն կենտրոնացվածություն դրսևորել Լա լիգայի շրջանակում «Լևանտեյի» հետ կայանալիք մրցավեճում՝ չմտածելով այլ խնդիրների ու նպատակների մասին։
-«Լևանտեյի» հետ խաղը շատ բարդ է լինելու։ Նրանց հետ առաջին մրցավեճում ևս դժվարություններ ունեցանք, և առաջիկա հանդիպումն էլ, կարծում եմ, այդպիսին է լինելու,-Սիմեոնեի խոսքերն է մեջբերում football-espana.net-ը։
«Մրցակիցը, ենթադրում եմ, խաղալու է շատ ինտենսիվ և գործադրելով մեծ ջանքեր, այսինքն՝ իրեն բնորոշ ֆուտբոլ ցուցադրելով։ Մենք էլ, մեր հերթին, պետք է ահռելի ջանքեր գործադրենք։ Ամենակարևորն այն է, որ խաղացողները չպետք է փոխեն իրենց վերաբերմունքը ներկայիս մրցաշրջանին, երբ այսքան խաղ արդեն ետևում է մնացել, և հարկավոր է միայն շարունակել առաջ շարժվել նախանշվածի պես՝ խաղից խաղ կատարելով առաջադրանքը, առանց ապագայի մասին հեռավոր սևեռումների։ Մենք դեռ ոչինչ չենք նվաճել»,-ամփոփել է արգենտինացի մասնագետը։
Ավելացնենք, որ «Լևանտե» - «Ատլետիկո»՝ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի հանդիպումը կայանալու է այսօր՝ մայիսի 4-ին, Երևանի ժամանակով՝ 19.00-ին։