Ադրբեջանի դրոշի հետ հերթական կուրյոզը տեղի է ունեցել Թբիլիսիում, որտեղ մայիսի 6-7-ին անցկացվող «Թբիլիսիի գագաթաժողով- 2014»-ին մասնակցելու համար ժամանել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները:

 

Ինչպես հաղորդում է minval.az լրատվական կայքը, երեք երկրների նախագահների մասնակցությամբ գագաթաժողովի կապակցությամբ Թբիլիսիի փողոցներում համապատասխան պաստառներ են փակցվել: Սակայն Ադրբեջանի դրոշը պատկերված է եղել գույներով շրջված տեսքով: Ադրբեջանական կայքը նշում է, որ այդ բացթողման պատասխանատվությունը պետք է կրեն ադրբեջանական կողմի կազմակերպիչները:

 

«Եթե մենք չգիտենք մեր պետական դրոշի վրա գույների հաջորդականությունը, դա որտեղի՞ց պետք է իմանան վրացիները», -նշում է կայքը:

 

Ադրբեջանի պետական դրոշի հետ նման զվարճալի դեպքեր նախկինում էլ են եղել: 2011 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոյի' բրյուսելյան հանդիպման ժամանակ խախտվել էր ադրբեջանական դրոշի գույների հերթականությունը: 2012 թ. փետրվարին անվտանգության գծով Մյունխենի 48-րդ կոնֆերանսում Ադրբեջանի նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպման ժամանակ կրկին շփոթել էին ադրբեջանական դրոշի գույների հերթականությունը: Այնպես էր ստացվել, որ Իլհամ Ալիեւի հետեւում դրված դրոշը պատկանել էր անհայտ պետության ե ւ կազմված էր եղել կապույտ, կարմիր եւ երկնագույն շերտերից:

 

2012 թ. հունիսին ադրբեջանական դրոշի հետ հերթական միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի հանրային հեռուստաալիքում: Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Ադրբեջանի դրոշը ցուցադրվել է շրջված տեսքով: Ուշագրավ է, որ այդ պահին սրահում գտնվել է ամեն տեղ իր հայրենասիրությունը ցուցադրելով հայտնի ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաեւան: Ադրբեջանական դրոշը շրջված է փակցվել նաեւ 2013 թ. սեպտեմբերին Վրաստանում Ադրբեջանի պետական նավթային ընկերության օբյեկտներից մեկում: