Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում է ««Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է հեռուստաընկերություններին արգելել ծխելու գործընթացի ցուցադրությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում օրենքի համահեղինակ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ օրինագծի մշակումը պայմանավորված է Հայաստանում ծխելու բարձր տարածվածությամբ: «Հայտնի է, որ ծխախոտի օգտագործումը մահվան կանխարգելելի պատճառների շարքում առաջինն է: Ծխելը նպաստում է սրտանոթային, շնչառական հիվանդությունների, քաղցկեղի եւ մի շարք այլ քրոնիկ հիվանդությունների զարգացմանը, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված հաշմանդամության եւ մահացության թվի աճին»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ երկրներ ընդունել են հակածխախոտային օրենսդրություն, որը տարբեր արգելքներ եւ պատժամիջոցներ է նախատեսում ծխախոտի գովազդի եւ հանրային վայրերում ծխելու համար: Հայաստանում գործող «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն ընդգրկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» հիմնական դրույթները, սակայն ծխելու ցուցանիշները Հայաստանում շարունակում են մնալ բարձր:
Միջազգային փորձը փաստում է, որ հեռուստաեթերով ծխախոտի օգտագործման ցուցադրումն անուղղակիորեն գովազդում է ծխախոտային արտադրատեսակները եւ նպաստում ծխելու տարածվածությանը: Նա նշեց, որ ուսումնասիրվել է հատկապես Թայլանդի փորձը, որտեղ կիրառվում է նմանատիպ օրենք, և դրական արդյունքներ կան: «Հաշվի առնելով Հայաստանում ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշները՝ առաջարկում ենք կատարել փոփոխություններ և արգելել հեռուստատեսությամբ ծխախոտի՝ այսպես ասաց «թաքնված» գովազդը»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում եւ սահմանել պատժամիջոցներ այդ դրույթի խախտման համար: Մինասյանի խոսքով, լուրջ ակնկալիքներ օրենքից, իհարկե, պետք չէ սպասել, սակայն դրական արդյունք միանշանակ կլինի:
Նա նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այն կտարածվի ոչ միայն հայկական, այլ նաև արտասահմանյան արտադրության ֆիլմերի և հաղորդումների վրա, որոնք կցուցադրվեն հայկական հեռուստաընկերություններով: Օրինագծի համահեղինակ է նաև ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Հայաստանում հատկապես մտահոգիչ է ծխելու տարածվածությունը տղամարդկանց շրջանում, որն, ըստ վիճակագրական տվյալների, 2010 թ. կազմել է 63.0%: Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ (օր' Մոլդովա' 51.0%, Ուկրաինա' 52.0%): Մեր երկրում կանանց շրջանում ծխելու տարածվածությունը կազմում է մոտ 2.0%, սակայն առկա են դրա տարածվածությանը նպաստող միտումներ: