Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն անվանել է ֆարս, ըստ որի կոչ էր անում Ուկրաինայի հարավ-արևելքում մայիսի 11-ին կայանալիք՝ շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն չանցկացնել: Այս մասին հայտնում է Euronews-ը:

 

Այս հայտարարությանն ի պատասխան, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է.

 

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, օդում առևտուր անել ձեզ չի սազում, հատկապես' որպես մեծ երկրի նախագահ: Եթե Ռուսաստանը նախատեսում է ապրիլի 11-ին անցկացնել հանրաքվե, ապա պետք է, որ ինչ-որ մեկը տեղեկացնի ՌԴ-ի նախագահին, որ ամսի 11-ին Ուկրաինայում ոչ ոք հանրաքվե չի ծրագրել անցկացնել: Մեր երկրի արևելքում ցանկացած ահաբեկչական հանրաքվե անօրինական է, հետևաբար դրա տեղափոխման մասին կոչերը ոչ թե բարի կամքի դրսևորում են, այլ սովորական ֆարս»,-հայտնել է Յացենյուկը:

 

Իր հերթին Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն Ուկրաինայի մասին վկայում են իրավիճակի սրումը նվազեցնելու ուղղությամբ աշխատելու նրա պատրաստակամության մասին։

 

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել էր տեղափոխել Ուկրաինայի հարավ-արևելքում մայիսի 11-ին կայանալիք՝ շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերի հետ հանդիպման արդյունքներով' մամուլի ասուլիսի ժամանակ: