Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի մասնակից երկրները կարող են գործի դնել իրենց ներուժն Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների հաղթահարման համար:
«Ամերիկացիները և Արևմուտքը փաստորեն դիմել են լարվածության էսկալացման: Առայժմ, և սա նույնպես շատ կարևոր է և վտանգավոր, տնտեսության և ֆինանսների միջոցով: Նրանք փորձում են սահմանել և սահմանում են կոնկրետ տնտեսական պատժամիջոցներ»,- ասել է Լուկաշենկոն Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ մայիսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Նրա կարծիքով՝ ի պատասխան կարելի է գործի դնել մասնակից երկրների ներքին հնարավորությունները: «Մենք կարող ենք հաղթահարել այդ պատժամիջոցները, ես բացարձակապես համոզված եմ: Այստեղ վախենալու բացարձակապես ոչինչ չկա: Պարզապես հարկավոր է այս իրադրության մեջ գործի դնել երկրների ներքին ներուժը, իսկ այն փոխլրացվող է»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն պաշտոնակիցներին կոչ է արել «համախմբվել և հաղթահարել պատժամիջոցների հետևանքները, թեև դրանք այնքան էլ վտանգավոր չեն»: «Մենք այլ ելք չունենք, բացի միասին լինելուց: Միայնակ՝ կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայում»,- եզրափակել է Բելառուսի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: