Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության են եկել այն բանի շուրջ, որ մարտի 19-20-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովում չպետք Է որոշում ընդունել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:

 

«Սկսել են նշմարվել ԵՄ-ի երկրների միջեւ քաղաքական պայմանավորվածությունների ուրվագծերը, ինչը Եվրոպային թույլ կտա շրջանցել տարաձայնությունները Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության կապակցությամբ: Դրա համար, բանակցություններին մասնակցող անձանց տվյալների համաձայն, որոշվել Է ավելի ուշ ժամկետ տեղափոխել Մոսկվայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների երկարացման հարցի վերաբերյալ որոշման ընդունումը»,-նշում Է հրատարակությունը:

 

Նրա տեղեկատվության համաձայն՝ «պայմանավորվածություն Է ձեռք բերվել այն մասին, որ պատժամիջոցների մեղմացումը հնարավոր կլինի միայն զինադադարի շուրջ անցած ամսին Մինսկում ստորագրված համաձայնությունների ամբողջական եւ վերջնական կատարման դեպքում»:

 

Թերթը գրում Է, որ վերջին օրերին Բրյուսելում, Փարիզում եւ Բեռլինում այդ թեմայի շուրջ ընթացող բանակցություններում նպատակ Է դրվել ԵՄ-ի ղեկավարների՝ այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովից առաջ հասնել փոխհամաձայնության, ըստ որի հունիսին կամ հուլիսին կայանալիք հաջորդ նման բարձր մակարդակի հանդիպմանը որոշում կընդունվի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարացնել մինչեւ 2015 թվականի վերջը:

 

«Սպասվում Է, որ հայտարարության մեջ, որին հավանություն կտան ԵՄ-ի ղեկավարները, կնշվի, որ պատժամիջոցների հարցը կախված կլինի այն բանից, թե ՌԴ-ն կկատարի արդյոք Մինսկի համաձայնությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է խիստ կարեւոր քայլի՝ 2015 թվականի վերջին սահմանների հսկողությունն Ուկրաինային հանձնելուն (Ուկրաինայի արեւելքում)»,-գրում Է թերթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: