Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ ուկրաինական սցենարը Բելառուսում չի կարող կրկնվել։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Ուկրաինական սցենարը Բելառուսում չի կարող կրկնվել: Մեր երաշխիքը ժողովրդի իմաստություն ու հայրենասիրությունն է»,- հայտարարել է նա Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված արարողությանը։

 

«Մեր մտերիմ և ազգակից Ուկրաինան թեժ կետ է դարձել: Իշխանությունների անկարողությունը, կաշառակերությունը, տնտեսության քայքայումը, մեր եղբայր ուկրաինացի ժողովրդին պատմական ողբերգության առաջ են կանգնեցրել՝ եղբայրը եղբոր դեմ է դուրս եկել»,- նշել է Լուկաշենկոն։

 

Լուկաշենկոն նաև նշել է, որ այսօր աշխարհում շատերը մոռացության են մատնում պատմության դասերը, իսկ որոշ պետություններ կրկին փորձում են ուժեղի իրավունքը հաստատել։

 

«Մենք հիշում ենք ավերված Հարավսլավիան, բոցերի մեջ հայտնված Իրաքը, մասնատված Լիբիան և ով էլ փորձի տիրանալ մեր երկրին, արժանի պատասխան է ստանալու։ Մեր բանակն ու բոլոր ուժային կառույցները պատրաստ են ցանկացած պահի երկրի ղեկավարությանը սատար կանգնել և քաղաքացիական խաղաղությունը երաշխավորել»,- նշել է Լուկաշենկոն։