Այսօր ժամը 14:00-ի դրությամբ փետրվարի 18-ին տեղի ունեցող նախագահական ընտրություններին առաջադրված 7 թեկնածուները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեին ընտրագրավի վճարման անդորրագիրը, սակայն չեն ներկայացրել: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Ինչպես նշեց խոսնակը, թեկնածուներից միայն Մհեր Հայրապետյանն իրավունք ուներ անդորրագիրը ներկայացնել մինչև այսօր ժամը 15:00-ը, սակայն, ինչպես պարզվեց, վերջինս նույնպես չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ:

«7 թեկնածուները չեն ներկայացրել ընրագրավի վճարման անդորրագիրը, իսկ ըստ ընտրական օրենսգրքի՝ այդ պարագայում գրանցումը մերժվում է»,-նշեց խոսնակը:

Տեղեկացնենք, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է 8 թեկնածու՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, անկուսակցական Վարդան Սեդրակյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: