Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ-Ջարբայի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

 

Նշվում է, որ Օբաման միացել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Սյուզան Ռայսի և Վաշինգտոն ժամանած Ջարբայի ու նրան ուղեկցող պատվիրակության հանդիպմանը:

 

«Կողմերը հաստատել են հակամարտության քաղաքական կարգավորման՝ ներառյալ նոր ղեկավար մարմինների անցման հանդեպ հակվածությունը: Պատվիրակությունները նաև քննարկել են Սիրիայում ծայրահեղականության աճի ռիսկերը և համաձայնել, որ անհրաժեշտ է դիմակայել ահաբեկչական խմբերին՝ անկախ այն բանից, թե հակամարտության որ կողմն են նրանք ներկայացնում»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Ջարբան երախտագիտություն է հայտնել Օբամային ԱՄՆ կողմից սիրիական ընդդիմությանը հատկացված 287 մլն դոլարի օգնության, ինչպես նաև մարդասիրական օգնության համար:

 

ԱՄՆ ղեկավարությունը սիրիացի ընդդիմադիրներին վստահեցրել է, որ չի աջակցում նախագահական ընտրություններ անցկացնելու Բաշար Ասադի ծրագրերին: