Թուրքիայի Զոնգուլդաք նահանգում փլուզվել է ևս մեկ ածխահանք: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական կայքը: Նշվում է, որ փլուզման արդյունքում ածխահանքի մեկ աշխատակից մնացել է փլատակների տակ:

 

«Անատոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-ի: 80 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, որոնցից 20-ը փրկարար ծառայությունների աշխատակիցներ են:

 

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ պայթյունի ժամանակ հանքում գտնվել է 787 մարդ: Նրանց մեծ մասը շարունակում է մնալ հանքում, որտեղ հրդեհը դեռևս շարունակվում է: Պայթյունի առաջացման պատճառները հայտնի չեն: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 460 մարդ:

 

Ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել: Երկրի նախագահը, վարչապետը և մյուս ղեկավարները չեղյալ են հայտարարել արտասահմանյան այցերը: