Թուրքիայի քրդաբնակ հարավարեւելյան տարածաշրջանի Շիռնաքի շրջանում ածխահանքի փլուզման արդյունքում երեք ածխահատներ մնացել են փլվածքների տակ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ի կեսօրին' Շիռնաքից 30 կմ հեռավորության վրա Քյամարլի գյուղի մերձակա Ջուդի լեռան տակ գտնվող մասնավոր ընկերության հանքում:

 

Միջադեպի վայր լրագրողներին թույլ չի տրվել մտնել: Ենթադրվում է, որ փլուզումների տակ մնացած ածխահատները մահացել են գազի արտահոսքի պատճառով:

 

Դրանից մեկ շաբաթ առաջ Շիռնաքում եւս մեկ ածխահանքում փլուզման ժամանակ մեկ մարդ էր զոհվել:

 

Թուրքիայում աշխահանքերում փլուզումներն ու մարդկային կորուստներն ամենաշատն են աշխարհում: Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքում ածխահանքում փլուզման եւ դրա հետեւանքով հրդեհի պատճառով 301 ածխահատ զոհվել, մոտ 450-ն էլ վիրավորվել էին: