WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր հանդիպեց լրագրողների հետ:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս որոշվեց, որ չեմպիոնական գոտին կրի Գարիկ Պապոյանը, Աբրահամը պատասխանեց. «Նրանք հարգել էին, եկել էին մենամարտս նայելու, ես ասացի' յուրօրինակ կլինի: Ողջ հայ ազգի համար դիմեցի այդ քայլին, որ ցույց տամ' դրսում մենք միասին ենք լինում»: Աբրահամը նշեց, որ «Եվրատեսիլի» ժամանակ Հայաստանում է եղել:
Աբրահամն ասաց նաև, որ ունի մի քանի առաջնային քայլ. «Երբ քո քրտինքով վաստակած գոտին քեզ մոտ չէ' ոչնչից հաճույք չես ստանում: Ամենակարևորը տիտղոսը պահպանելն է»,- նկատեց բռնցքամարտիկը:
Խոսելով մեծ սպորտը թողնելու մասին, Աբրահամն ասաց, որ գալիս է ժամանակ, երբ պետք է սպորտին հրաժեշտ տալ. «Կարծում եմ' երկու տարի հետո հավանաբար ես էլ հրաժեշտ կտամ սպորտին, որպեսզի կյանքից ես էլ ինչ-որ բան հասկանամ: Քանի որ անընդհատ մարզումներ պարապմունքներ են, քո երիտասարդ տարիներն անցնում են սպորտով, ուտելով, մենամարտելով, սա էլ մեր աշխատանքն է: Դրանից հետո պետք է անցնել կյանքը վայելելուն»:
Հարցին, թե ի՞նչ է պետք, որպեսզի կյանքը փոփոխվի, Աբրահամը նշեց, որ պետք է սպորտը թողնել, իսկ ամուսնանալը կապ չունի:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք մենամարտ նախատեսվում է անցկացնել Երևանում, Արթուր Աբրահամը նշեց, որ ինքը շատ է խոսել այն անցկացնելու մասին, սակայն, բռնցքամարտիկի խոսքով, դա մենեջերն է որոշում, և պետք է համագործակցել Գերմանիայի հեռուստաընկերության հետ, «քանի որ գումարները գալիս են այդ հեռուստաընկերությունից»:
Դիտարկմանը, թե Աբրահամի մենամարտերն իրենց դիտարժանությունը չե՞ն կորցրել, Աբրահամը նշեց, որ ովքեր իրեն սիրում են, գոհ կլինեն, ովքեր ոչ'ոչ:
Հարցին էլ, թե ով է որոշում Աբրահամի մարտաոճը, վերջինս նշեց. «Մարզիկն առանց մարզչի ոչ մի բան է, մարզիչն էլ առանց մարզիկի է ոչ մի բան: Մարտաոճը որոշում ենք միասին՝ մարզիչս և ես»:
Լրագրողներն Աբրահամից հետաքրքրվեցին նաև, թե չի՞ նախատեսում կարիերայի ավարտից հետո մշտապես տեղափոխվել Հայաստան'բնակության, մարզիկն ասաց, որ ինքը Գերմանիայում շատ բան է ստեղծել, և այստեղ ապրելը հեշտ չի լինի. «Ինձ համար մշտական այստեղ ապրել դժվար կլինի, ես այնտեղ շատ բաներ եմ ստեղծել, սակայն հայրենիքի հետ կապը միշտ լինելու է, քանի որ հայրենիքս շատ եմ սիրում»:
Անդրադառնալով «Ռեալ»- «Բարսելոնա» խաղին, Աբրահամը նշեց, որ բարձրակարգ խաղ էր, ամբողջ մարզադաշտում միայն սպիտակ շապիկներ էին, «Բարսելոնայի» երկրպագուները քիչ էին. «Ֆուտբոլ շատ եմ խաղում և միշտ էլ հետևում եմ ֆուտբոլային հանդիպումներին:
Հարցին, թե Հենրիխ Մխիթարյանի խաղին հետևե՞լ է Բեռլինում, Աբրահամը պատասխանեց. «Հենոյի խաղը Բեռլինում չեմ տեսել' Հայաստանում էի, եղբայրս էր այնտեղ»:
Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին խոսելով էլ Աբրահամը նշեց, որ իրենք շատ լավ հարաբերությունների մեջ են. «Հենոն իմ մենամարտին չի եղել, քանի որ ժամերը չեն համընկնում, քանի որ միշտ ինքն էլ է խաղի լինում, բայց կգա: Ես շատ եմ սիրում «Բարսելոնան» և «Բորուսիան»' ոչ միայն Մխիթարյանի համար, այլև այն բանի, որ մարզիչս «Բավարիային» է սիրում, իսկ ես «Բավարիան» չեմ սիրոում: