Թաիլանդի բանակի հրամանատարությունը ռազմական դրություն է հայտարարել՝ նպատակ ունենալով «պաշտպանել օրինականությունն ու կարգը» քաղաքական ճգնաժամ ապրող երկրում, տեղեկացնում է BBC-ն:

 

Զինվորականներն ստանձնել են իշխանական լայն լիազորություններ, որոնք, նրանց կարծիքով, անհրաժեշտ են հանգստությունն ու կայունությունն ապահովելու համար: Թաիլանդի կառավարության եւ դիտորդների համար այս քայլն անսպասելի է եղել:

 

Թաիլանդի կառավարության ղեկավարի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը հայտարարել է, որ երկրի իշխանությունների հետ ոչ ոք չի խորհրդակցել ռազմական դրություն հայտարարելու հարցի շուրջ:

 

Զինվորականները, որոնք վերջին անգամ Թաիլանդում իշխանությունն իրենց ձեռքն են վերցրել 2006 թվականին, պնդում են, որ իրենց գործողությունը չպետք է դիտվի որպես պետական հեղաշրջում:

 

Թաիլանդում ռազմական դրություն է մտցվում արդեն մի քանի ամիս շարունակվող քաղաքական դիմակայության պայմաններում, որի ընթացքում կառավարության եւ ընդդիմության միջեւ հարաբերությունները հասել են առավելագույն լարվածության:

 

Սոցիալական ցանցերում տարածված հաղորդումների համաձայն՝ զինվորականներն իրենց հսկողության տակ են առել հեռուստակայանները:

 

Հեռուստատեսությամբ ցուցադրված ուղերձում հայտարարվել է, որ պարետային ժամ է սահմանվում, որպեսզի «վերականգնվի խաղաղությունն ու կարգը բոլոր կողմերը ներկայացնող մարդկանց համար»:

 

Թաիլանդը վերջին ժամանակներս ծանրագույն քաղաքական ճգնաժամ է ապրում: Ընդդիմությունը պահանջում է իշխանությունը հանձնել հատուկ նշանակված հանձնաժողովին, որը լիազորված կլինի մշակել երկրի նոր սահմանադրությունը:

 

Պարետային ժամի սահմանումը կարող է զայրացնել ներկայիս կառավարության կողմնակիցներին, մանավանդ եթե նրանք որոշեն, որ երկրում հեղաշրջում է տեղի ունենում:

 

Մայիսի 7-ին Թաիլանդի սահմանադրական դատարանը վճիռ էր կայացրել այն մասին, որ երկրի վարչապետ Յինգլակ Չինավաթը պետք է պաշտոնաթող լինի. նրան մեղավոր են ճանաչել իշխանության չարաշահման մեջ: