Եվրամիությունը խորը ճգնաժամ է ապրում եւ կառուցվածքային վերափոխումների կարիք ունի, որպեսզի շարունակի իր զարգացումը եւ երաշխավորի եվրոպական քաղաքակրթության պահպանումը: Այդ մասին ասված է Նիկոլա Սարկոզիի մեկնաբանության մեջ, որը մայիսի 22-ին հրապարակվել է Lw Poiant շաբաթահանդեսում:
Սարկոզին 2012 թվականին նախագահի պաշտոնը թողնելուց հետո երկար ժամանակ ձեռնպահ էր մնում հրապարակային ելույթներից, սակայն Եվրախորհրդարանի ընտրություններից երեք օրա առաջ, այնուամենայնիվ, որոշել է խախտել լռությունը:
Եվրոպական կառույցի բարեփոխման անկյունաքարը, Սարկոզիի կարծիքով, պետք է դառնա «միասնական ֆրանս-գերմանական տնտեսական գոտին», ինչպես նաեւ սահմանային ռեժիմի վերաբերյալ նոր պայմանագիրը, որը պետք է փոխարինի գործող Շենգենյան համաձայնագրերին:
«Այն, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ազատորեն տեղաշարժվել Եվրոպայում, մեծ հաջողություն է, բայց չի կարելի շարունակել հրաժարվել այն բանից, որ հանգիստ պայմաններում քննարկվի եվրոպական միգրացիոն քաղաքականությունը,- գրում է նախկին նախագահը:- Այստեղ մենք գործ ունենք անվերապահ ձախողման հետ: Ակներեւ է, որ հարկավոր է անհապաղ դադարեցնել Շենգեն I պայմանագրի գործողությունը եւ այն փոխարինել Շենգեն II համաձայնագրով, որին երկրները կկարողանան միանալ միայն այն բանից հետո, երբ նրանք նախապես կհամաձայնեցնեն իրենց միգրացիոն քաղաքականությունը»:
Սարկոզին համոզված է, որ այդպիսով ԵՄ-ում հնարավոր կլինի վերջ դնել այն պրակտիկային, երբ օտարերկրացիներին բավական էր մեկ անգամ հայտնվել շենգենյան տարածքի երկրներից մեկում, ինչից հետո նրանք կարող են բնակության համար ընտրել ցանկացած պետություն՝ ելնելով այն բանից, թե որտեղ ավելի շռայլ կլինեն սոցիալական նպաստները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: