Գեղարքունիքի մարզի համայնքներում մոտ երկու շաբաթ է, ինչ համատարած սկսվել են վայրի բանջարատեսակների' սիբեխի, շուշանի, մանդակի հավաքման աշխատանքները: Սննդի մեջ օգտագործվող և մեծ պահանջարկ ունեցող այս բանջարաբույսերի հավաքին շատ ընտանիքներ մասնակցում են' իրենց տարվա կամ ամիսների պաշարը հոգալու համար. հավաքած վայրի բանջարեղենը կամ թթու են դնում, կամ պահպանում չորացրած, աղ դրած, նաև' սառնարանային վիճակում:
Ինչպես հավաստեցին ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունում, ավելի քան 500 ընտանիք եկամուտ ստանալու նպատակով ենզբաղված վայրի բանջարատեսակների հավաքմամբ և վաճառքով: Դրանց մեկ կիլոգրամը վաճառվում է 700-1000 դրամի սահմաններում: Վայրի բանջարատեսակները վաճառվում են մարզի շուկաներում, դրանց հարակից տարածքներում, նաև մթերվում են արդյունագործական նպատակներով:
Վայրի բանջարեղենի բերքահավաքը մարզում կշարունակվի մինչև հունիսի կեսերը: