Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի համայնքերում սկսվել եւ ընթանում են Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչները, մարզկենտրո նի կրթամշակութային հաստատությունների, Գավառի զինկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, տարեց եւ պատանի երկրապահները եւ անհատ քաղաքացիները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին' հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում եւ Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին:
Տոնախմբության մասնակիցները մարզպետի գլխավորությամբ դիտեցին Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, քաղաքի դպրոցականների կավճանկարչության աշխատանքները եւ մարզադպրոցի սաների ցուցադրական վարժությունները:
Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի 60 վետերաններ քաղաքի երաժշտական դպրոցում մասնակցեցին քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Հերոսի ընտանիք» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում արժանացան հյուրասիրության եւ դրամական պարգեւների: Հաղթանակի տոնը մեծ շուքով նշվեց նաեւ մարզի բոլոր քաղաքային ու գյուղական համայնքներում, մարզի տարածքներում տեղակայված զորամասերում որտեղ տեղի ունեցան ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ եւ հյուրասիրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ: Համայնքներում տոնական հյուրասիրությունների ժամանակ դրամական պարգեւների և խրախուսանքի արժանացան Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչեւ ուշ երեկո:
Խոսրով Խլղաթյան