Ստամբուլի Օքմեյդան հրապարակում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներն ու դրա հետևանքով զոհվելու դեպքերը լրջորեն անհանգստացրել են միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ցույցերի ժամանակ երկու զոհի գրանցումը տեղի է ունեցել ծայրահեղ ուժ կիրառելու արդյունքում: «2013 թվականի հունիսից մինչև հիմա իրավունքների ոտնահարմամբ ուժի կիրառումը պատճառ է դարձել այն բանի, որ չորս մարդ մահանա հենց դեպքի վայրում: Ոստիկանության իրականացրած իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու լիազոր մարմինների անհաջող փորձերից հետո ժողովրդի շրջանում ավելի արմատացավ զայրույթը»,- ասվում է Amnesty International-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Կազմակերպության անդամները կոչ են արել անմիջապես անկախ հետաքննություն սկսել' պարզելու կատարված դեպքերի բոլոր մանրամասները: Միաժամանակ նրանք ընդգծել են, որ բռնի ուժի կիրառումը դեմ է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին:

 

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում աղետի հետևանքով 301 հանքափորների զոհվելու կապակցությամբ մայիսի 22-ից ցույցեր են սկսվել Ստամբուլի Օքմեյդան հրապարակում: Ցույցերի ժամանակ արդեն իսկ զոհվել է երկու մարդ: Ցուցարարները աղետի համար պատասխանատու են համարել թուրքական կառավարությանը' նրան մեղադրելով հանքում անվտանգության կանոնները պատշաճ մակարդակի վրա չպահելու եւ անտարբերություն ցուցաբերելու մեջ: Ստամբուլում եւ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են Սոմայի ածխահանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած վթարից հետո, որի արդյունքում 301 մարդ զոհվել, 487 մարդ վնասվածքներ են ստացել: