Իսրայելյան Haaretz թերթն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի իշխանության տարիներին արած հակասեմիտական արտահայտություններին եւ նշել, որ նրա հակահրեականության արմատները թափանցում են շատ խորքերը եւ տարածվում ամբողջ Թուրքիայում:
Haaretz-ն իր' «Հրեայի վիժվածք. Էրդողանի հակասեմիտական պարտավորությունը» վերնագրով հոդվածում գրել է. «Էրդողանին մոտ իսլամիստական Akit թերթի կողմից Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած աղետի համար հրեաներին պատասխանատու համարելու փաստն այսբերգի երեւացող գագաթն է միայն: Թուրքիայի վարչապետի հակասեմիտիզմի արմատները թափանցում են շատ խորքերը եւ տարածվում Թուրքիայով մեկ»:
Թերթը մեջբերել է նաեւ Էրդողանի կողմից վերջերս հնչեցված մի քանի հակահրեական արտահայտություններ:
« Էրդողանի' քաղաքացիներին ուղղված վիրավորանքներից մի քանիսը («Ինչո՞ւ ես փախչում, այ Իսրայելի վիժվածք») բացահայտ հակասեմիտական հայհոյանք է: Դա պատահական ասված խոսք չէր: Հակառակը, դա Էրդողանի տեսակետներն արտահայտող հայտանիշ է: Արտասահմանցի ունկնդիրների նկատմամբ զգուշավորություն դրսեւորելու հետ' Էրդողանի կառավարությունը ոչ թե հանդուրժող, այլ ակտիվ է հակասեմիտիզմի մեջ», -ընդգծել է իսրայելական թերթը: