Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի (ձախից առաջինը) համոզմամբ՝ քաղաքական դաշտում կշիռ ունեցող ուժերը հետ կանգնեցին ընտրապայքարից՝ մեծ հնարավորություն տալով գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախկին քաղաքական գործիչը նշեց, թե դրա պատճառն այն էր, որ այդ ուժերը չունեին այլընտրանքային ծրագիր:
«Իրենք չգտան Սերժ Սարգսյանին ծրագրին այլընտրանքային ծրագիր և խոհեմաբար նախագահությունը թողեցին Սերժ Սարգսյանին: Եթե այլընտրանքային ծրագիր ունեին՝ կպայքարեին»,- ասաց նա:
Ըստ Ազատ Արշակյանի՝ Սերժ Սարգսյանն այսօր բարձրացրել է «պետականության դրոշը, և որևէ մեկի համար այդ պետականությունը ամրապնդելու տարածք չի թողել»: Նախկին պատգամավորը գոհ է գործող նախագահի վարած քաղաքականությունից, բայց կարծում է, որ նա պետք է ազատվի իր թիմի զգալի մասից:
«Ես չեմ ուզում, որ Սերժ Սարգսյանը փոխվի, բայց մյուսները՝ ՀՀԿ զգալի մասը, պետք է հեռանան իշխանությունից, քանի որ նրանք հագեցել են՝ ԱԺ պատգամավորների 90%-ը»,- ասաց նա:
Հարցին, թե ինչի համար պետք է Սերժ Սարգսյանը շարունակի մնալ երկրի ղեկավար, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ քանի դեռ ՀՀ ազատագրական պայքարի մասնակիցներից կան գործիչներ, որոնք թոշակային տարիքի չեն, նրանք պետք է լինեն առաջին դեմքը: Մինչև որ հեռանան քաղաքական ասպարեզից, այդ թեկնածուներից ամենից հարմարը Սերժ Սարգսյանն է: Նաև ունի աշխատանքային մեծ փորձ»։
Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց, որ համամիտ չէ Ազատ Արշակյանի հետ և ընդգծեց, որ նման պետականամետ քաղաքական գործիչը թույլ չէր տա, որ արտագաղթի նման տեմպեր լիներ:
Ըստ Թևան Պողոսյանի՝ հնչող մեկնաբանությունները, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանը նույն դաշտում են գործում, կարելի է ընկալել միայն մեկ իմաստով: «Դա կարելի էր ընկալել, որ նույն երկրում են, նույն հասարակության հետ: Բայց մեր ծրագիրն ավելի լավն է»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը հրաժարվեց մեկնաբանել նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին քաղաքական մյուս ուժերի որոշումները։ «Մենք ունենք թեկնածուն և ծրագիրը»,- ասաց նա և նշեց, որ հաջողության դեպքում կասեն շնորհակալություն լավ գործերի համար, իսկ վատ գործերի համար պատասխանատվության կենթարկեն: