Մոտ ժամանակներս Ռուսաստանը Ադրբեջան կմատակարարի վերջինիս կողմից պատվիրված TOS-1A հրանետների հերթական խմբաքանակը: Այս մասին APA-ին հայտնել են Աստանայում անցկացվող KADEX-214 ցուցահանդեսին մասնակցող «Ուրալվագոնզավոդ» ռուսաստնյան ընկերության ներկայացուցիչները: Նրանց խոսքով, հրանետների հերթական խմբաքանակը կազմված կլինի 6 մեքենայից:
Ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ պայմանագրի համաձայն Ադրբեջան կմատակարարվի TOS-1A «Սոլնցեգորսկ» տեսակի 18 մեքենա, որոնց նմուշները ցուցադրվել են անցյալ տարի հունիսին Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ: Նշվում է, որ TOS-1A զենքերի համակարգեր այսօրվա դրությամբ ունեն միայն Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը:
«Կոմերսանտ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսաստանյան «Բալ-Է» առափնյա նորագույն հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: Այս մասին թերթին հայտնել է նման հրթիռային համակարգեր արտադրող «Մարտավարական հրթիռային սպառազինություն» ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը: Համակարգը բաղկացած է 120 կմ հեռահարությամբ Խ-35Է հականավային հրթիռներով ինքնագնաց գործարկող սարքավորումներից եւ տրանսպորտա-փոխաբեռնման մեքենաներից: Համակարգերի գլխավոր նշանակությունը տարածքային ջրերի, առափն յա բազաների եւ օբյեկտների պաշտպանությունն է: