Հայտնի է դարձել, որ կիրակի՝ հուլիսի 2-ին, Սանկտ-Պետերբուրգում «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերն ու SOCAR ադրբեջանական նավթային ընկերության նախագահ Ռովհան Աբդուլաևը երկկողմ հանդիմպանը քննարկման առարկա են դարձրել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, որի մեխը դարձել է ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը. Ռուսաստանը մտադիր է տեսանելի ապագայում ձեռնամուխ լինել բնական գազի մատակարարմանն Ադրբեջան: Նշենք, որ Ադրբեջանում Շահ-Դենիզ հանքի բացահայտումից հետո Ադրբեջանը դադարեցրել էր ռուսական գազի մատակարարումները:
Այն, որ Անդրկովկասում ստեղծված բավական հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր իրավիճակը գերտերությունները փորձում են ծառայեցնել իրենց ազգային շահերին, անել քայլեր, որոնցից միգուցե նախկինում ձեռնպահ կմնային, վկայում են բավական խոսուն փաստեր. հակամարտության պայթեցման վտանգը այժմ տարածաշրջանում ստեղծել է սկզբունքորեն այլ իրավիճակ: Գերտերությունները, որոնց գրպանում է գտնվում արցախյան խնդրի կարգավորման բանալին, իրականում փորձում են այստեղ հասնել ոչ թե իրական կարգավորման, ինչը, բնակնաբար անհնարին է կամ խիստ դժվար, այլ ծառայեցնել թե՛ Հայաստանին, թե՛ Արդբեջանին՝ սեփական դիրքերը տարածաշրջանում ամրապնդելուն: Կասկածից վեր է, որ ռուս-ադրբեջանական առաջիկա գործարքը կնքվելու է ոչ այնքան տնտեսական հարցեր լուծելու, որքան աշխարհաքաղաքական խնդիրներ կարգավորելու համար:
Այժմ արդեն կարող ենք հաստատապես պնդել, որ Անդրկովկասի հարցում աշխարհի ուժային կենտրոնների միջև որոշակի կոնսենսուս, այնուամենայնիվ, ձեռք է բերվել: Իսկ կոնսենսուսի էությունը հետևյալն է. Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են հավասարակշռել իրենց ներկայացվածությունը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում: Մի կողմից՝ Արևմուտքն է փորձում տնտեսապես ակտիվանալ Հայաստանում, զգալի դարձնել այստեղ իր ներկայությունը, մյուս կողմից՝ ռուսներն են ջանում գազի միջոցով Ադրբեջանը կապել Ռուսաստանի հետ. հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի էներգետիկ համակարգը պորտալարով կապված է արևմտյան նավթագազային ընկերությունների հետ, դժվար չէ կռահել, թե կուլիսների հետևում ռուսներն ինչ բովանդակության բանակցություններ են վարել արևմտյան իրենց գործընկերների հետ՝ իրենց ուզածին հասնելու համար: Ռուսներն այսօր իրենց առաջ խնդիր են դրել մտնել ադրբեջանական էներգետիկ շուկա, ու Սանկտ-Պետերբուրգում ընթացած բանակցությունները լավ հիմք են ստեղծում հետագա քայլերի համար: Ի դեպ, հաշվի առնելով այն, որ համաշխարհային էներգակիրների շուկայում Ռուսաստանն ու Ադրբեջանն, ըստ էության, բնական մրցակիցներ են, դժվար չէ՝ կռահել, թե իրականում ՌԴ համար ինչ է նշանակում այս երկրի հետ հենց էներգետիկ ոլորտում ունեցած համագործակցությունը:
Հարց է առաջանում՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս ամենն արցախյան հակամարտության վրա: Նախ՝ միանշանակ է, որ գերտերությունների ընդունակությունը՝ միմյանց լսելու, հանդուրժելու, հասկանալու, ողջունելի է բոլոր դեպքերում. դա նվազեցնում է հավանականությունը, որ Անդրկովկասը կարող է դառնալ մեծ վիճաբանության հարթակ: Երկրորդ՝ միանշանակ է նաև, որ տարածաշրջանում տերությունների տնտեսական ակտիվությունը, նրանց, շահերն այստեղ, կարող են իրապես զսպիչ գործոն հանդիսանալ ու կանխարգելել գլոբալ պայթյունը: Ճիշտ է՝ այս, ամենը բնավ չի բացառում համեմատաբար փոքրամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը, բայց դժվար թե բանը հասնի Սարսանգին կամ Մեծամորի ատոմակայանին՝ հանգամանք, որը չի կարող չուրախացնել: Իրականում Անդրկովկասի խաղաղությունը կախված է ոչ թե ասենք Ալիևի խաղաղասիրության աստիճանից, այլ նույն այդ գերտերությունների միջև առկա հարաբերություններից:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ