Գերմանիայի կանաչների կուսակցության' ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ այլեւս բացասական Թուրքիայի խորհրդանշան դարձած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարյուր տոկոսով կորցրել է Գերմանիայի աջակցությունն իր նկատմամբ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական Zaman թերթը, Օզդեմիրն այդ հայտարարությունն արել է Էրդողանի' մայիսի 25-ին Քյոլն կատարած այցի եւ այնտեղ գերմանաբնակ թուրքերի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի առնչությամբ:

 

Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահը խստորեն քննադատել է Էրդողանի այցը Քյոլն: Նա ասել է, որ Էրդողանի այցը Քյոլն, որն ուղղված էր Թուրքիայի նախագահի աթոռին գալու համար նրա քարոզչությանը, բացասական ազդեցություն կթողնի նաեւ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Նրա խոսքով, այլեւս ինչ էլ խոսի Էրդողանը, ոչինչ չի կարող փոխել Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում Գերմանիայի հասարակության բացասական դիրքորոշումը:

 

«Էրդողանը հարյուր տոկոսով կորցրել է Գերմանիան: Գերմանական հասարակության մեջ այն կարծիքն էր տիրում, թե երկիր է ժամանում մարդկային կյանքեր կործանող հրեշ: Թուրքիայում ածխահանքի աղետի հետ կապված նրա խոսքերից եւ ավելի վաղ արած հայտարարություններից մի այնպիսի պատկեր է է ստեղծվել, որ մարդիկ երեխաներին թաքցնում էին նրա նկատմամբ վախից: Էրդողանն իր այդ բացասական վարկանիշն այլեւս հեշտությամբ չի կարող փոխել: Դա բացասաբար է ազդել նաեւ Թուրքիայի հեղինակության վրա եւ նոր հեղինակություն ձեւավորել: Էրդողանը դարձել է այդ բացասական Թուրքիայի խոր հրդանիշը», -ասել է Օզդեմիրը:

 

Անդրադառնալով Էրդողանի Քյոլ կատարած այցին եւ գերմանաբնակ թուրքերի կողմից նրա դեմ բողոքի ակցիաներին' Գերմանիայի դաշնային խորհրդարանի փոխնախագահ, Կանաչների կուսակցության համանախագահ Կլաուդիա Ռոթն էլ հայտարարել է, որ Գերմանիան շաբաթվա վերջին իր բողոքի խաղաղ ցույցերով Էրդողանին ցույց տվեց, թե որն է իրական ժողովրդավարությունը:

 

Գերմանացի քաղաքական վերլուծաբանները միաբերան հայտարարել են, որ Էրդողանի' Քյոլն կատարած այցը նախագահական ընտրություններին ուղղված բացահայտ քարոզչության արշավ էր:

 

Գերմանաբնակ թուրքերը Էրդողանին դիմավորել են «Ամեն տեղ Գեզի, ամեն տեղ Սոմա, ամեն տեղ դիմադրություն» վանկարկություններով եւ պաստառներով: Բողոքի ակցիաներին 60 հազարից ավելի մարդ է մասնակցել: Եվրոպայի ալեւիների միությունների դաշնության կողմից կազմակերպված բողոքի քայլերթի ժամանակ մասնակիցները պաստառներ են պարզել, որոնցում Էրդողանը ներկայացվել է Հիտլերի կերպարանքով:

 

Գերմանական թերթերը հայտնել են, որ գերմանաբնակ թուրքերի բողոքի պատճառն այն է, որ Սոմայի աղետի հետեւանքերը դեռ չվերացված' Էրդողանը շարունակում է իրականացնել իր նախընտրական քարոզարշավը: