Դոնբասի հանքագործներն անժամկետ գործադուլ են հայտարարել եւ պահանջել են, որ Ուկրաինայի ուժային ստորաբաժանումները դուրս բերվեն Դոնեցկի մարզից: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ածխարդյունաբերության առաջին փոխնախարար Կոնստանտին Կուզմինը:
«Դոնբասի հանքագործներն անժամկետ գործադուլ են հայտարարում եւ պահանջում են ուժային գործողության դադարեցում, ինչպես նաեւ Դոնեցկի մարզի տարածքից ուկրաինական զորքերի դուրսբերում»,-ասել Է նա եւ հավելել, որ այդ ակցիային միացել են Սկաչինսկու անվան, Աբակումովի անվան, Չելյուսկինցիների անվան հանքերը եւ «Տրուդովսկայա» հանքը, ինչպես նաեւ Մակեեւկայի երկու հանքերը:
«Մենք սպասում ենք, որ առաջիկայում մեր գործադուլին կմիանան նաեւ մյուս ածխահանքերը»,-ասել Է Կուզմինը:
Ներկայում Դոնեցկի վրա շարունակում են թռչել կործանիչները: Համեմատաբար հանգիստ Է քաղաքի կենտրոնում, բայց բազմաթիվ հիմնարկություններ՝ խանութներ, բանկեր, սրճարաններ, չեն աշխատում, հասարակական տրանսպորտն աշխատում Է կախված հանգամանքներից: Ինչպես հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայությունում, Կիեւի իշխանություններն ուժային գործողությունը վերսկսել են տեղական ժամանակով ժամը 12:00-ից: