ԱՄՆ Հայ դատի Մերիմաք Վալեի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Մասաչուսեթսից ընտրված կոնգրեսական Նիկի Ցոնգասի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայ դատի Մերիմաք Վալեի հանձնախմբի համանախագահ Արամ Ճգնավորյանը, Սթեֆըն Դուլգարյանը և Թոմ Վարդապետյանը:
Կոնգրեսական Նիկի Ցոնգասը նշել է, որ ակնկալում է շարունակել իրենց համատեղ աշխատանքը' առաջնորդվելով երկու երկրների համատեղ շահերով և տոնելով հարուստ պատմությունը: «Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի տեսնեմ, որ հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային կոտորածը Կոնգրեսում ճանաչվում է որպես Ցեղասպանություն»,- ասել է Ցոնգասը: Հանդիպման ընթացքում Հայ դատի հանձնախմբի անդամները կոնգրեսականին տեղեկացրել են այն խնդիրների մասին, որոնց շուրջ իրենք այժմ աշխատում են: Մասնավորապես խոսք է եղել Թուրքիայի տարածքից Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայր մտած զինյալ անձանց գործողությունների հետևանքով իրենց բնակավայրերը լքած ու Լաթաքիայում հաստատված հայերին օգնելու մասին:
Հայ դատի Վալեի հանձնախմբի ակտիվիստները Ցոնգասին կոչ են արել աջակցել Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիներն ազգային փոքրամասնություններին վերադարձնելու բանաձևին: Քննարկված այլ հարցերի թվում էր նաև մարդասիրական օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հոբելյանական տարելիցին Հայ որբերի գորգն ավելի տեսանելի դարձնելու հարցը:
«Մեզ համար շատ կարևոր է շարունակել հանդիպել մեր շրջանի ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացնել այն կրիտիկական ու զգայուն խնդիրների մասին, որոնց մենք' ԱՄՆ հայերս առերեսվում ենք, մասնավորապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»,- նշել է Արամ Ճգնավորյանը' իրենց գոհունակությունը հայտնելով Ցոնգասի հետ ունեցած ամուր աշխատանքային հարաբերությունների կապակցությամբ: