Թուրքիայի Դիարբեքիր և Մուշ նահանգներում բախումներ են տեղի ունեցել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրքական զինված ուժերի միջև: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Մուշի Վարթո գավառում ճանապարհը փակած քուրդ զինյալների հետ բախման արդյունքում 16 թուրք զինվոր է վիրավորվել: Նշվում է, որ քուրդ զինյալներն այրել են երեք բեռնատար:
2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ սկսվել էր թուրք-քրդական հաշտեցման գործընթացը: Հայտարարությամբ քրդերի առաջնորդը քուրդ զինյալներին կոչ էր արել դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած քուրդ զինյալներն սկսեցին լքել երկրի տարածքը: Սակայն հետագայում քուրդ գործիչները հայտարարեցին այն մասին, որ թուրքական կողմը չի կատարում իր պարտավորությունները քրդերի նկատմամբ և այդպիսով տապալում է հաշտեցման գործընթացը: