Այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում օծվեց Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցին: Փաստն ինքնին ուրախալի է՝ սահմանամերձ, անընդհատ հակառակորդի կրակահերթերի առկայությամբ ապրող և արարող տարածաշրջանում եկեղեցի է բացվում, ավելին, եկեղեցու մերձակա տարածքը, որը իրենից ներկայացնում էր քարքարոտ և դժվարանցանելի բլուր, վերածվել է հանգստի ազատ գոտու՝ յուրաքանչյուրի համար: Բացման արարողությունը նաև հետաքրքիր խորհուրդ ուներ, այսօր եկեղեցու բակում հավաքվել էին նաև երևանաբնակ նոյեմբերյանցիները՝ պաշտոնյա ու անպաշտոն, ընդդիմադիր և իշխանամետ, ովքեր հարյուրավոր կիլոմետրեր էին կտրել՝ համերկրացիների հետ կիսելու տոնի զգացողությունը: Բազմաթիվ հիմնախնդիրների բեռի տակ կքված տարածաշրջանում սա իսկապես տոն էր, և տոնը ստացվեց:

 

Եկեղեցին կառուցել է Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը, ում Կողբ գյուղի ավագանու որոշմամբ շնորհվեց համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

 

Ի դեպ, եկեղեցու բացմանը ներկա էր նաև Սերժ Սարգսյանը:

 

Հ.Գ. Այսօր ևս մեկ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանում. Ոսկևանում բացվել է ժամանակակից և հարմարավետ շենքային պայմաններով մանկապարտեզ: Այն կառուցվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 117 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: