Ինչպես գիտենք, հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ճանապարհը: Ցուցարարների մոտ էր եկել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա, փայտի օգտագործման պայմաններից բացի, անդրադարձավ նաև աշխատատեղերի հարցին:
«Վաղն առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար առնվազն 50 աշխատատեղ՝ 8 հազարից 15 հազար դրամ օրական, ինչ աշխատանք ա, ինչ ա իրենից ներկայացնում: Յուրաքանչյուրդ կարող եք գալ մարզպետարան և այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել»,- ցուցարարների հետ զրույցում ասել էր Հայկ Չոբանյանը: Երկար փնտրտուքներից հետո, սակայն, մարզպետարանի կայքում այդպես էլ չտեղադրվեց օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետ Չոբանյանի խոստացած հայտարարությունը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետի նշած տեղեկատվությունը տեղադրված չէ։ Մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի հայտարարությունը թափուր աշխատատեղերի մասին։ Սակայն զետեղված աշխատատեղերը այնպիսինն են, որ անզեն աչքով էլ հասկանալի է՝ ամսական 200-300 հազար դրամ աշխատավարձ չի վճարվի: Ի դեպ, այդ թափուր աշխատատեղերի կողքին չի նշվել աշխատավարձերի չափը: Տարածքային կենտրոնները հրապարակել են 418 թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն: Օրինակ՝ Դիլիջանի զբաղվածության կենտրոնը հրապարակել է 71 աշխատատեղի վերաբերյալ հայտարարություն: Ամենաբարձր աշխատավարձով՝ ամսական 300,000 դրամ, ընդամենը մեկ աշխատատեղ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ: 250,000 դրամ աշխատավարձով ևս մեկ թափուր աշխատատեղ կա, փնտրում են բեռնող մեխանիզմների մեքենավար:
Եվ սա միակ հարցը չէ, որում մարզպետը մի բան ասում է, մեկ այլ բան անում: 2019թ․ մայիսի 17-ին Ենոքավան գյուղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ ինքը նպատակ ունի արտերկրից 5000 ընտանիք վերաբնակեցնելու Տավուշի մարզ։ Հունիսի 19-ին Տավուշի մարզպետարանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ ունեցած հանդիպման ժամանակ մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ արտերկրի հայերի Տավուշի մարզ վերաբնակեցման ծրագիրը նախատեսում է հինգ տարվա ընթացքում հինգ հազար մարդու ներգաղթ, ովքեր կգան ու կապրեն Տավուշում։ Ինչպես ասում են, պլանկան նվազել է…