Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մի քանի տարի առաջ կառավարության կողմից Հայաստանի լավագույն մարզպետ է ճանաչվել: Հանրապետության «ամենաերկարակյաց» մարզպետը Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել: 2012թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը Տավուշի մարզպետարանում կազմակերպել էր «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը Տավուշի մարզում» խորագրով քննարկում: Այդ քննարկման ժամանակ Արմեն Ղուլարյանը խոսեց կոռուպցիայի վնասներից, նշելով. «Հայաստանի հանրապետության համար կոռուպցիայի դեմ կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ին…Անձնական հարստության ապօրինի ձեռք բերումը կարող է ուղղակիորեն վնաս հասցնել ժողովրդավարական ինստիտուտներին, ազգային տնտեսություններին եւ օրենքի գերակայությանը: Այս մասին գրում է aravot.am-ը:
Կոռուպցիայի կանխարգելումը եւ արմատախիլ անելը բոլորիս պարտականությունն է»:
Կոռուպցիայի վերաբերյալ մարզպետի խոսքերն ու գործերը որքանո՞վ են համընկնում: Շուրջ մեկ տասնամյակ լույս է տեսնում «Տավուշ» մարզային թերթը: Թերթի վրա գրված է՝ «մարզային լրատու»: 8 էջանոց, 2 տպագրական մամուլ ծավալով, միջինը ամսական մեկ անգամ տպագրվող թերթը գլխավոր խմբագիր չունի, պարբերականը ղեկավարում է խմբագրական խորհուրդը: Մարզային այդ թերթը հրատարակվում է «Սահմանաքար» ՍՊԸ-ի կողմից: Թերթում գրված է խմբագրության հասցեն՝ ք. Իջեւան, Սահմանադրության 1:
Դա մարզպետարանի հասցեն է, թերթի խմբագրակազմը հիմնականում մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինն է: Տավուշի մարզում «Տավուշ» թերթը համարվում է «մարզպետարանի թերթ»: Ըստ օրենքի կառավարությունը կամ նրա տարածքային ստորաբաժանում հանդիսացող մարզպետարանը թերթ հրատարակելու, այսինքն՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք չունեն: Հայաստանի Ազգային ժողովն ունի պաշտոնաթերթ՝ «Հայաստանի հանրապետությունը»:
Նշենք, որ «Տավուշ» թերթում տեղ են գտնում մարզպետարանի ինտերնետային կայքում զետեղված պաշտոնական կամ կիսապաշտոնական նյութերը, մարզպետի ընդունելությունների եւ տարբեր միջոցառումների մասին տեղեկատվությունները: Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկությունները՝ մարզի բժշկական հաստատությունները, սոցիալական ծառայությունները, դպրոցները, ինչպես նաեւ մարզի համայնքապետարաններն իրենց հայտարարությունները վճարովի հիմունքներով տպագրում են «մարզպետարանի թերթում»: Դա բավական մեծ գումար է կազմում: Իսկ այն հայտարարությունները, որոնք չեն տպագրվում «Տավուշ» թերթում, եթեր են հեռարձակվում մարզային «Տավուշ» հեռուստաընկերության միջոցով, որի փաստացի սեփականատերը Արմեն Ղուլարյանն է: Այդ հեռուստաընկերության բաժնետեր է գրանցված Արմեն Ղուլարյանի եղբոր կինը: Սա կոռուպցիա չէ՞: