Մարզպետների փոփոխության թեման մշտապես հայկական լրահոսի կիզակետում է: Առաջին մարզպետի փոփոխությունն արդեն իսկ արված է. Արարատը նոր մարզպետ ունի: Երեկ կառավարության նիստի ժամանակ որոշվեց' մարզն այսուհետ կղեկավարի Արամայիս Գրիգորյանը, վերջինս փոխարինում է Էդիկ Բարսեղյանին: Էդիկ Բարսեղյանը մարզպետի աթոռը զբաղեցնում էր 2010 թվականի հուլիսից: Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանը նախկին մարզպետին հորդորել է հեռանալ՝ խոստանալով ցանկության դեպքում որոշ ժամանակ անց Էդիկ Բարսեղյանին այլ պաշտոն տալ:
Ցուցակն այսքանով չի վերջանում. գործընթացը շարունակություն է ենթադրում:
Շատերի խորին համոզմամբ՝ մարզպետների փոփոխության սկիզբը դրվեց Ջերմուկում՝ Սերժ Սարգսյանի այցից հետո, որտեղ վերջինս հանդիպել է մարզպետների հետ:
Թերևս պաշտոնանկությունների միակ պատճառը որոշ մարզպետների' երկար ժամանակ այդ պաշտոնում լինելն է:
Այն, որ մի քանիսը հրաժեշտ են տալու իրենց պաշտոնին, չի հերքել նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա չէր բացառել, որ առաջիկայում ևս կլինեն հրաժարականներ:
Եվ այսպես, ըստ «ցուցակի»' հաջորդը լինելու է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Արմեն Ղուլարյանը ՀՀ ամենաերկարակյաց մարզպետն է. մարզը ղեկավարում է 1999-ի փետրվարից: Ըստ շրջանառվող լուրերի' Ղուլարյանին պետք է փոխարինի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Լուրը ճշտելու նպատակով Lurer.com-ը փորձեց կապ հաստատել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ: Վերջինս խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, քանի որ, ինչպես ինքը նշեց, «զբաղված է», և ինչպես շատ պաշտոնատար անձինք, Ղուլարյանը ևս մի փոքր ուշ այլևս չպատասխանեց մեր զանգերին:
Փորձեցինք կապ հաստատել նաև Գագիկ Մելիքյանի հետ: Մեր հեռախոսազանգին, սակայն, պատասխանեց նրա ընկերը և նշեց, որ Մելիքյանը Հայաստանում չէ և կվերադառնա մի քանի օրից:
Պաշտոնը կորցնելու վտանգի տակ են նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ով մարզպետ է 2001 թվականից և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Վերջինս մարզպետ է նշանակվել 2009 թվականի մայիսից: