ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի նախագահի նամակի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը չի մեկնաբանում:
«Ես նախագահի, ինչպես նաև Նազարբաևի ասածները չեմ մեկնաբանում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով. «Մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Ղարաբաղի հետ: Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, - նշեց Էկոնոմիկայի նախարարը:
Վերջինս նշեց, որ ԼՂՀ ապրանքները կշարունակեն ազատորեն շրջանառվել և′ մեր շուկայում, և′ ԱՀԿ անդամ երկրների, և′ Եվրամիության շուկայում:
«Այստեղ այսքան ժամանակ ոչ մեկ որևէ խնդիր չի առաջացրել: Ինչո՞ւ եք այդքան անհանգստանում, երրորդ, չորրորդ երկրի որևէ նամակ ընթերցելուց: Այդ ընթերցելուն, չեմ կարծում, որ նշանակություն է պետք տալ»,- նշեց Ճշմարիտյանը: