Ֆրանսիական Total եւ գերմանական E.on ընկերությունները պատրաստվում են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի նախագծից (TAP): Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիեւը' չնշելով այլ մանրամասներ: Նշվում է, որ ընկերությունում այդ տեղեկատվությունը չեն մեկնաբանո ւմ:
Մի քանի օր առաջ Total-ն ադրբեջանական «Շահդենիզ-2» նախագծում իր 10 տոկոս մասնաբաժինը վաճառել է թուրքական TPAO ընկերությանը: Իսկ մինչ այդ նորվեգական Statoil ընկերությունը SOCAR-ին է վաճառել «Շահդենիզ-2»-ի TAP-ում իր 10 տոկոս մասնաբաժինը:
Սպասվում է, որ մոտ օրերին նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում ընդունել ինչպես «Շահդենիզ»-ում, այնպես էլ «դարի պայմանագրում» իր մասնաբաժնի վաճառքի մասին:
«Շահդենիզ» կոնսորցիումի կողմից գազի փոխադրման համար Անդրանատոլիական (TANAP) եւ TAP նախագծերի երթուղին ընտրելուց հետո Statoil-ն ու Total-ը հայտարարել են, որ չեն մասնակցի 10 մլրդ եվրո արժողությամբ TANAP նախագծին: Իսկ այժմ էլ ֆրանսիական ընկերությունն ու նրա գերմանական գործընկերն են հրաժարվում TAP-ից:
Ադրբեջանում չեն կարողանում հասկանալ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրել նախատեսող 40 մլրդ եվրո արժողությամբ նախագծից եվրոպական էներգահսկաների հեռանալու պատճառը:
Դեռեւս հաստատումներ չկան, որ դա կապված է քաղաքականության հետ: Բայց դրա հետ միասին պարզ է, որ ընկերությունները չեն ցանկանում կիսել ռիսկերը: Դա կապված է ինչպես նախագծի բավական բարձր արժեքի, այնպես էլ ապագայի հնարավոր ռիսկերի հետ: Չնայած, այդ նախագծերն ավելի շատ Եվրոպային են պետք, քան Ադրբեջանին, քանի որ կապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ կիջեցնեն աշխարհամասի կախվածությունը ռուսաստանյան գազից, նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները: